Ո՞ւր գնայ Ժողովուրդը

Արա Գրիգորեան

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմի անդամ

 

Տասնամեակներ շարունակ իրանահայ համայնքն իր զանազան խրախճանքների ու սուգերի առիթով համախմբւել է իր քաղաքի եկեղեցիներում ու միութիւններում: Դրա օրինակները բազմաթիւ են որոնցից կարելի է նշել Տրընդէզը, Վարդավառը, Զատիկը, Նոր Տարին, Ապրիլ 24-ը, եւ վերջին մէկ տարւայ ընթացքում նաեւ Հրանտ Դինքի սպանութեան դէմ բողոքի համահաւաքը:

Բայց վերջին տարիներին, ազգային իշխանութիւնը, առաջնորդ սրբազանի հրահանգով, հերթաբար ժողովրդին արգիլել են Ս. Սարգիս մայր եկեղեցու բակում համախմբւելը: Դա առաջին անգամ պատահեց հինգ տարի առաջ, երբ տրընդէզի ազգային-աւանդական տօնի առիթով ժողովրդին արգիլեցին եկեղեցու շրջափակում հրաւառութիւնից եւ եկեղեցու դուռը փակելով ժողովրդին փողոց վռնդեցին, հենց նոյն եկեղեցու խորհրդի անդամներն ու կարգապահները: Այդ օրը, ժողովուրդը եկեղեցու առջեւ համախմբւեցին եւ փողոցում հրաւառութեամբ տօնեցին աւանդական տրընդէզը: Դժբախտաբար մեր երկրի այն օրերի ոչ ապահով պայմանների պատճառով, պետական-զինորական ուժերը արագութեամբ շրջափակեցին «արտաքսեալ» ժողովրդին եւ ձերբակալեցին մի քանի երիտասարդի եւ ի վերջոյ ցրեցին նրանց: Այդ օրւանից սկսեալ սրբազան առաջնորդի միջոցով մեր համյնքում հիմք դրւեց ոչ պատշաճ սովորութիւնը՝ սեփական ժողովրդին եկեղեցուց վռնդելըը:

Այդ ցաւալի իրողութիւնը միայն չսահմանափակւեց տրընդւզով, եւ հերթը հասաւ վարդավարին: Ժողովուրդը նաեւ զրկւեց իր հաւատքի տան շրջափակում վարդավառը տօնելուց: Այս տարի եւս եկեղեցու պատասխանատուներն արգիլեցին եկեղեցու շրջափակում վարդավառի աւանդական տօնի շատ սիրւած ջրախաղը: Համախմբւած ժողովուրդն ի բողոք եկեղեցու պատասխանատուներին, համախմբւեց եկեղեցուն (Ս. Սարգիս) կից նորակառոյց զբոսայգում, որը կրկին անգամ ցրւեցին պետական-զինւորական ուժերի միջոցով եւ ի վերջոյ ձերբակալւեցին 4 երիտասարդներ: Նշելի է, որ սոյն օրը, ժողովրդի առջեւ փակւեցին նաեւ նոյն թաղում գտնւող դպրոցների դռները, որտեղ ժողովուրդն առիթ կունենար համախմբւելու եւ վարդավառը տօնելու:

Այստեղ մի անմեղ հարց է առաջանում, թէ ի՞նչ է սեփական ժողովրդին եկեղեցու շրջափակում աւանդական տօնախմբութիւնից զրկելու բուն նպատակաը: Արդեօ՞ք կայ մի ինչ որ յետին նպատակ:

Բոլորս լաւ գիտենք, որ մեր համայնքը, օրըստօրէ նոսրանում է եւ ժողովուրդը տուն-տեղը թողած արտագաղթում է հեռաւոր ամերիկաներ, ուրեմն ինչո՞ւ մեր ազգային իշխանութիւնն ու հոգեւոր առաջնորդը իրենց անտրամաբանական գործով ժողովրդի մօտ առաջացնում են առաւել դժգոհութիւն, որը եւ կարող է արտագաղթի դրդապատճառների մի փոքրիկ մասը դառնալ: Երբ այլեւս ժողովրդի մօտ կորում է պատկանելիութեան զգացումը ու ազգային իշխանութեան հանդէպ վստահութիւնը, էլ ազգային իշխնութեան մօտ ինչ սպասելիք կայ թէ ժողովուրդը մնայ եւ պաշտպանի իր համայնքային ունեցւածը եւ կառոյցը:

Մեծամասնութեան ասութեամբ ազգային իշխանութիւնը նման քայլի դիմելով փորձում է մի կերպ ժողովրդին մղել արտագաղթի, բայց մենք հնարաւորին չափով խուսափում ենք այս բոլորի մէջ տեսնել մի ինչ որ յետին նպատակ, եւ այս իրավիճակը համարելով լոկ բացթողում՝ ազգային իշխանութեան եւ առաջնորդի կողմից, յոյսով ենք, որ մեր ազգային իշխանութիւնն ու սրբազան առաջնորդը կը վերանայէն իրենց որդեգրած ընթացքը եւ կրկին անգամ ժողովրդին առիթ կը տան իր սրբավայրում ազգային տօնակատարութիւնները իրականացնելու ուղղութեամբ: