Մեր Բաղդիկ Մինասեանը

Այսօր Բաղդիկ Մինասեանի մահւան 32-րդ տարելիցն է

 

 

Մանկութիւնից սկսած համակ համքը պայքար եղաւ իր համար եւ այդպէս շարունակեց մինչեւ վերջ:

Ծնւել է Արաքսի հարաւային ափին, գեղատեսիլ ու պատմական Փայտակարանում (Ղարադաղ) :

Շատ փոքր տարիքում կորցրել է հօրը:

Յետագայում նրա մեծ մօրեղբայրը տանում է նրան Թաւրիզ, ուր նրա տանը պատանի Բաղդիկը գրաճանաչ է դառնում, եւ միեւնոյն ժամանակ գրասենեակում աշխատում է որպէս գրագիր:

Առանց դպրոց գնալու, միայն ինքնաշխատութեամբ, պատանի Բաղդիկը պատրաստում է տարրականի առարկաները եւ վերջապէս 1920 թւականին, քննութիւն տալովընդունւում է Թաւրիզի Թեմական Կենտրոնական Միջնակարգ Դպրոցում: Այդտեղ աշակերտում է հայ գրականութեան հանճարեղ դէմք՝ Հրաչեայ Աճառեանին եւ մեծանուն կրթական մշակ՝ Կարապետ Պիոնեանին:

Այդ տարիներին անցնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը եւ 1923 թւականին կուսակցութեան ծախսերով որպէս յառաջադէմ աշակերտ, մի խումբ ուսանողների հետ մեկնում է Պրագա (Չեխիա) ուսումը շարունակելու:

Համալսարանական աւարտական քննութեան ընթացքում, երբ ներկայանում է դասախօսների ժիւրի կազմին, հազիւ պաշտպանած իր դոկտորայի թէզը, ուշաթափւում է թուլութիւնից:

Այդ գնով ու պայքարով յամենայն դէպս 1930-ին դոկտորայի տիտղոս է ստանում բնագիտութեան, քիմիագործութեան եւ մարդաբանութեան ճիւղերի մէջ: Չի բաւարարւում դրանով եւ միաժամանակ հետեւում է նաեւ մանկավարժութեան ու հոգեբանութեան եւ լիսանսի աստիճան է ստանում նաեւ այդ ճիւղերի մէջ:

Համալսարանը աւարտելուց յետոյ վերադառնում է Իրան եւ նւիրւում ուսուցչական ասպարէզին, Ռաշտ, Ղազւին, Թաւրիզ, Թեհրան, ուսուցիչ կամ տեսուչ հայոց դպրոցներում: 1936-ին Իրանի հայոց դպրոցների փակւելուց յետոյ, կրթական նախարարութեան կողմից վարձւում է եւ որպէս միջնակարգ դպրոցի քիմիայի դասատու ուղարկւում է Թաւրիզ:

Նախապատերազմեան դժւարին օրերին, երբ վտանգ էր սպառում ամէն մի պատասխանատու գործիչի, երբ շատ շատերը ընկրկումներ էին ունենում, Բաղդիկ Մինասեանը որպէս շրջանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, պատասխանատւութեան խորը գիտակցութեամբ, բանակցութիւններ է վարում ներխուժող խորհրդային ուժերի ղեկավարութեան հետ պաշպանելու տեղի հայ համայնքի իրաւունքներն ու ապահովութիւնը:

1944 թւի Յունւարի 3-ին, Խորհրդային Միութեան Չեկան առեւանգում է նրան եւ 3 օր Թաւրիզի բանտում պահելուց յետոյ գիշերով, զինւած պահակների հսկողութեամբ, տարւում է Ջուլֆա, ապա յատուկ վագոնով փոխադրւում է Երեւանի բանտը:

Երեւանի բանտում պահւում է մենակեաց մի խուցի մէջ մինչեւ 1945 թ. Ապրիլ 15-ը (16 ամիս) ապա դատական թղթածրարով  եւ ամբաստանագրով ուղարկւում է Մոսկւա, ուր իր բացակայութեամբ երեք ռուսներից կազմւած մի դատական խորհուրդ դատում է նրան, առանց լսելու նրա պաշտպան փաստաբանին ու նաեւ նրա վերջին խօսքը: Նա դատապարտւում է տաս տարւայ կալանաւորութեան, աքսորի՝ Նարիլսկ, պարտադիր ֆիզիքական աշխատանքով, յաւիտենական սառուցեալ գօտում:

1953 թւականի Մարտի 3-ին Կրեմլեան պալատում մեռնում է Ստալինը: Մալենկովը գործի գլուխ է անցնում, պայմանները փոխւում են եւ կալանքի շղթաները մասամբ թեթեւանում են:

Երկար սպասումից յետոյ 1954 թէի Յուլիսին, պարսկահպատակ կալանաւորներն եւս յանձնւում են Իրանի կառավարութեան եւ այդ թւում նաեւ դոկ. Բաղդիկ Մինասեանը, որ Նոյեմբեր 17-ին, իր ընտանիքի գիրկն է վերադառնում ֆիզիքապէս տանջւած, սակայն կայուն հոգեկանով:

Նա 1960-ից մինչեւ 1971-ը վարում է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը: Ունեցաւ նաեւ պատասխանատու եւ կարեւոր հանգամանքներ, եղաւ անդամ Հայ Դատի Յանձնախմբի, անդամ Թեհրանի Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ անդամ Հ.Յ.Դ. Կենտրոնական Կոմիտէի:

Եղաւ կուսակցական ամենաճշտապահ գործիչներից մէկը, իր համար գոյութիւն չունեցաւ «կարեւոր» եւ «անկարեւոր» հանգամանքներ, գնաց այնտեղ ուր ղեկավար մարմինները գործուղեցին իրեն եւ գնաց Հայ Դատի ոգին սփռելու:

1976-ի Մայիս 9-ին, Աւստրալիայի «Դրօ» կոմիտէութեան հրաւերով ճամբորդեց Սիդնի, ուր մէկ ամսից աւելի տեւող իր շրջագայութեան ընթացքում ունեցաւ դասախօսութիւններ, եւ հանդիպումներ մարմինների եւ միութիւնների հետ: Իր ճամբորդութեան վերջին օրերին բռնւեց ծանր հիւանդութեամբ որը եւ շարունակւեց Թեհրան վերադարձից յետոյ: Յունիսի 13-ին, նա արիւնահոսութիւն ունենալով, տեղափոխւեց հիւանդանոց ու ենթարկւեց գործողութեան եւ յոյսեր կային, որ պիտի ապաքինւի, սակայն իր վերջին պայքարը՝ կեանքի եւ մահու, տեւեց ճիշտ մէկ ամիս:

Յուլիս 13-ին, մեր սիրելի Բաղդիկ Մինասեանը, իրանահայութեան ընտանիքի այս արժանաւոր անդամը յաւիտենապէս փակեց իր աչքերը:

Թող, որ նրա կեանքն ու գործունեութիւնը օրինակ դառնայ մեր այսօրւայ եւ նաեւ ապագայի ազգային գործիշների ու պատասխանատու անհատների համար:

Յարգա՜նք իր վաստակին:

 

«Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրական կազմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: