Յայտարարութիւն

Ի վերջոյ, տքնաջան աշխատաբքներից յետոյ, աւարտւեց մեր կայքէջի ծրագրաւորումը: Այս օրւանից «Մեր Համայնքը» կայքէջը աշխատելու է «Իրանահայեր Լրատու Ցանց» անունով, որը հասանելի կը լինի www.iranahayer.com հասցէով: Նշելի է, որ մեր նոր կայքէջը համապատասխանում է օրւայ արդի տեխնոլոգիաներին եւ լիովին տարբերելու է նախկինից: Պիտի աւելացնենք, որ «Իրանահայեր» կայքէջը իր կազմը երիտասարդ աշխատակիցներով համալրելով, գործելու է աւելի ակտիւ եւ փորձելու է իրանահայ համայնքի լուրերից բացի, հաղորդել օրւայ քաղաքական եւ հետաքրքրական թեմաներ:
Վերջում շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց տեսակէտներով եւ քաջալերական խօսքերով մեզ եռանդ պատճառեցին եւ կը պատճառեն կրկին:
Մնացէք մեր հետ

Հասցէ՝ www.iranahayer.com
Email ` iranahayer@gmail.com

Խորհրդածութիւն #2 – Իրանահայ համայնքի առաջնահերթ նպատակները

Շատ սիրելի եւ մեր նոր բարեկամ՝ Համլետ Կրասկեանն իր պատգամի մէջ, առաջարկել է բոլորս մտածենք եւ արտայայտւենք այն հարցի շուրջ թէ ի՞նչ է մեր իրանահայ համայնքի առաջնահերթ նպատակները: Մենք ողջունում ենք պրն. Կրասկեանի առաջարկը եւ այդ հարցը դարձնում ենք խորհրդածութեան բաժնի երկրորդ թեման: Ցանկալի է մեր բոլոր բարեկամները (համախոհ թէ ոչհամախոհ) մասնակցեն առաջարկւած խորհրդածութիւննին, եւ այս միջոցով մեր իշխանաւորներին լսելի դարձնեն իրենց մտածումներն ու պահանջները: Թող որ մեր ազգային իշխանութիւնը ի վերջոյ կորտի իր լռութեան ու անտարբերութեան պատը եւ գոնէ յարգելով իր ժողովրդին, լսի նրանց խօսքն ու պահանջը:

«Մեր Համայնքը» լրատու ցանցը, որը շուտով օժտւելու է մի արդի եւ աւելի ապահով կայքէջով, փորձում է լրացնել մեր համայնքում լուրջ եւ գործունակ հանրային կապի չգոյութիւնն ու դրա յետեւանքով առաջացած բացը:

Մեր ազգային իշխանաւորնեը պիտի ըմբռնեն թէ ղեկավարն ու առաջնորդը նախ եւ առաջ պատասխանատու է իր ժողովրդին, եւ եթէ այդպէս չլինի, նրանք դառնալու են խամաճիկ, ոմանց նենգ ձեռքերում: Ուրեմն մնացէք ժողորդի կողքին եւ ծառայէք նրանց, եթէ իսկապէս ձեր մէջ ունէք այդ սուրբ գործի կոչումն ու առաքելութիւնը:

+++

Մենք ցանկանում ենք թեմայի մասին նախ խօսեն մեր բարեկամներն ու ընթերցողները, եւ երբ թեման զարգացաւ մենք էլ կը ներկայացնենք մեր տեսակէտները: Դա կատարում ենք, մտքերը նախապաշարելու հաւանական մեղադրանքից ազատւելու նպատակով:

Մեր զաւակների «հայկական» անունները

ԱԿԱՆԱՏԵՍ

 

Իւրաքանչիւր ուսումնական շրաջանի աւարտին, երբ Ալիք օրաթերթում տպագրւում է հայկական դպրոցների գերազանց աշակերտների անունները, մեծ յուզում է առաջանում բազմաթիւ անհատների մօտ, որի գլխաւոր դրդապատճառը, հենց մեր զաւակների անուններն է:

Ըստ հոգեբաններին, անհատի անունը մեծ դերակատարութիւն ունի նրա ինքնութեան եւ անհատականութեան ձեւաւորման գործընթացի վրայ: Դժբախտաբար, վերջին տարիներին ականատես ենք լինուն այնպիսի անունների, որոնք ոչ միայն հայկական արմատ չունեն, այլ բնաւ չեն պատկանում ոչ մի ազգի կամ ժողովրդի անւանացանկերին: Հոգեվերլուծաբանները յայտնում են թէ դրա առաջին պատճառը, ծնողների անտարբերութիւնն է, իրենց զաւակի ապագայի եւ ինքնութեան վերաբերեալ: Նմանօրինակ ծնողները, ըստ հոգեբանների, իրենց զաւակին համարում են որպէս իրենց անձնական ապրանքը եւ նկատի չունեն, որ ի վերջոյ իրենց միջոցով կեանք ստացած զաւակը, անկախ անհատականութիւն է, եւ նրանք իրաւունք չունեն, մանուկ հասակում, երբ անհատը անկախութիւն չունի, վտանգել նրանց կազմւելիք ինքնութիւնն ու անհատականութիւնը:

Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեր ազգային իշխանութեանը, որ յստակ ցանկ ներկայացնելով պետական մարմիններին, կասեցնել մեր համայնքում ծայր առած նմանօրինակ բացասական երեւոյթին: Այդ ցանկը կարելի է իր մեջ ներառէ հայկական եւ ոչ հայկական անուններ, միայն այն պայմանով, որ դրանք ունենան յստակ եւ դրական արմատներ: Հաւատացած ենք, թէ եթէ մեր ազգային իշխանութիւնը այլ ոլորտներում (եկեղեցում բաց հագուստ չհագնել, Արարատ մարզաւանում պատշաճ ձեւով ներկայանալ, եկեղեցու շրջափակում վարդավառ ու տրընդէզ չտօնել եւ …. ) ցուցադրում է յստակ դիրքորոշում, նաեւ այս հարցում, որը համեմատաբար շատ աւելի կարեւոր հարց է, կարող է յստակ ծրագրով երեւան գալ:

Յոյս ունենք, որ մեր ազգային իշխանութիւնը, ընդառաջելով մեր առաջարկին, որը նաեւ մեր ժողովրդի կողմից մեզ գրած բազմաթիւ նամակների արդիւնքն է դա, մէկ դրական քայլ կառնէ մեր ազգապահպանման գործում:

Վերջում պիտի աւելացնել, որ մենք այս գրութեան մէջ, խուսափել ենք հրապարակել այն անունները, որ մեզ ուղարկւել էին վերը նշած նամակներում, որեւէ անհատին չվարկաբեկելու նպատակով:

Բոլորեցինք առաջին ամիսը

Երեկ, յուլիսի 14-ին լրացաւ մեր կայքէջի գործունեութեան առաջին ամիսը: Ճիշտ այդ օրը նաեւ մեր կայքէջի այցելուների թիւը անցաւ 3000-ից, որը իր հերթին ուրախութիւն պատճառեց մեզ:

Այս մէկ ամսւայ ընթացքում եղան քաջալերողներ եւ նոյն չափ նաեւ դատապարտողներ, բայց այն ինչ, որ պարզ է այն է, որ նմանօրինակ աշխատանքն էլ միշտ այդպէս է լինում: Բոլոր այցելուներին ողջունում ենք եւ ցանկանում ենք, որ իրենց ակտիւ ներկայութեամբ եռանդ պարգեւեն մեզ:

Մեր կայքէջի աշխատանքներին զուգահեռ, նաեւ ուրախութեամբ պիտի յայտնենք, որ լուրջ զրոյց է առաջացել մեր այցելուների միջեւ: Մենք այդ զրոյցները աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով ստեղծել ենք Խորհրդածութիւնների բաժինը, ցանկանալով, որ մեր ընթերցողները առիթ ունենան իրենց տեսակէտներն արտայայտել յստակ նիւթերի շուրջ: Դա մասամբ ընդառաջւել է մեր լուրջ այցելուների կողմից բայց չգիտես ինչո՞ւ մեր քննադատողները միայն ընթացել են հենց մեզ քննադատելու, այն էլ այն նիւթերի պատճառով, որոնք մի ինչ որ ձեւով վերաբերել է իրենց աշխատանքներին: Մենք ցանկանում ենք նմանօրինակ մեր բարեկամներն էլ անցնեն լուրջ մակարդակի եւ գրեն իրենց տեսակէտները արծարծւած նիւթերի շուրջ:

Դեռ աւարտւել է մեր գործունեութեան առաջին ամիսը, եւ երկար ճամբայ կայ մեր առջեւ:

Մնացէք մեր հետ եւ Ձեր շինիչ առաջարկներով ու քննադատութիւններով աւելի եռանդ պատճառէք մեզ եւ մեր համայնքին: Մեր համայնքը պատկանում է մեր ժողովրդին եւ որեւէ մէկը չի կարող լռեցնել նրանց, իրենց արդար խօսքը արտայայտւելու գործում: Դա համարում ենք մեր առաքելութիւնը: Մենք արծարծում ենք ժողովրդի ձայնը: Թող դրանք, առանց նախապաշարումներով, լսելի դառնան մեր ազգային իշխանութեան կողմից:

«Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրական կազմ

Մեր Բաղդիկ Մինասեանը

Այսօր Բաղդիկ Մինասեանի մահւան 32-րդ տարելիցն է

 

 

Մանկութիւնից սկսած համակ համքը պայքար եղաւ իր համար եւ այդպէս շարունակեց մինչեւ վերջ:

Ծնւել է Արաքսի հարաւային ափին, գեղատեսիլ ու պատմական Փայտակարանում (Ղարադաղ) :

Շատ փոքր տարիքում կորցրել է հօրը:

Յետագայում նրա մեծ մօրեղբայրը տանում է նրան Թաւրիզ, ուր նրա տանը պատանի Բաղդիկը գրաճանաչ է դառնում, եւ միեւնոյն ժամանակ գրասենեակում աշխատում է որպէս գրագիր:

Առանց դպրոց գնալու, միայն ինքնաշխատութեամբ, պատանի Բաղդիկը պատրաստում է տարրականի առարկաները եւ վերջապէս 1920 թւականին, քննութիւն տալովընդունւում է Թաւրիզի Թեմական Կենտրոնական Միջնակարգ Դպրոցում: Այդտեղ աշակերտում է հայ գրականութեան հանճարեղ դէմք՝ Հրաչեայ Աճառեանին եւ մեծանուն կրթական մշակ՝ Կարապետ Պիոնեանին:

Այդ տարիներին անցնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը եւ 1923 թւականին կուսակցութեան ծախսերով որպէս յառաջադէմ աշակերտ, մի խումբ ուսանողների հետ մեկնում է Պրագա (Չեխիա) ուսումը շարունակելու:

Համալսարանական աւարտական քննութեան ընթացքում, երբ ներկայանում է դասախօսների ժիւրի կազմին, հազիւ պաշտպանած իր դոկտորայի թէզը, ուշաթափւում է թուլութիւնից:

Այդ գնով ու պայքարով յամենայն դէպս 1930-ին դոկտորայի տիտղոս է ստանում բնագիտութեան, քիմիագործութեան եւ մարդաբանութեան ճիւղերի մէջ: Չի բաւարարւում դրանով եւ միաժամանակ հետեւում է նաեւ մանկավարժութեան ու հոգեբանութեան եւ լիսանսի աստիճան է ստանում նաեւ այդ ճիւղերի մէջ:

Համալսարանը աւարտելուց յետոյ վերադառնում է Իրան եւ նւիրւում ուսուցչական ասպարէզին, Ռաշտ, Ղազւին, Թաւրիզ, Թեհրան, ուսուցիչ կամ տեսուչ հայոց դպրոցներում: 1936-ին Իրանի հայոց դպրոցների փակւելուց յետոյ, կրթական նախարարութեան կողմից վարձւում է եւ որպէս միջնակարգ դպրոցի քիմիայի դասատու ուղարկւում է Թաւրիզ:

Նախապատերազմեան դժւարին օրերին, երբ վտանգ էր սպառում ամէն մի պատասխանատու գործիչի, երբ շատ շատերը ընկրկումներ էին ունենում, Բաղդիկ Մինասեանը որպէս շրջանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, պատասխանատւութեան խորը գիտակցութեամբ, բանակցութիւններ է վարում ներխուժող խորհրդային ուժերի ղեկավարութեան հետ պաշպանելու տեղի հայ համայնքի իրաւունքներն ու ապահովութիւնը:

1944 թւի Յունւարի 3-ին, Խորհրդային Միութեան Չեկան առեւանգում է նրան եւ 3 օր Թաւրիզի բանտում պահելուց յետոյ գիշերով, զինւած պահակների հսկողութեամբ, տարւում է Ջուլֆա, ապա յատուկ վագոնով փոխադրւում է Երեւանի բանտը:

Երեւանի բանտում պահւում է մենակեաց մի խուցի մէջ մինչեւ 1945 թ. Ապրիլ 15-ը (16 ամիս) ապա դատական թղթածրարով  եւ ամբաստանագրով ուղարկւում է Մոսկւա, ուր իր բացակայութեամբ երեք ռուսներից կազմւած մի դատական խորհուրդ դատում է նրան, առանց լսելու նրա պաշտպան փաստաբանին ու նաեւ նրա վերջին խօսքը: Նա դատապարտւում է տաս տարւայ կալանաւորութեան, աքսորի՝ Նարիլսկ, պարտադիր ֆիզիքական աշխատանքով, յաւիտենական սառուցեալ գօտում:

1953 թւականի Մարտի 3-ին Կրեմլեան պալատում մեռնում է Ստալինը: Մալենկովը գործի գլուխ է անցնում, պայմանները փոխւում են եւ կալանքի շղթաները մասամբ թեթեւանում են:

Երկար սպասումից յետոյ 1954 թէի Յուլիսին, պարսկահպատակ կալանաւորներն եւս յանձնւում են Իրանի կառավարութեան եւ այդ թւում նաեւ դոկ. Բաղդիկ Մինասեանը, որ Նոյեմբեր 17-ին, իր ընտանիքի գիրկն է վերադառնում ֆիզիքապէս տանջւած, սակայն կայուն հոգեկանով:

Նա 1960-ից մինչեւ 1971-ը վարում է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը: Ունեցաւ նաեւ պատասխանատու եւ կարեւոր հանգամանքներ, եղաւ անդամ Հայ Դատի Յանձնախմբի, անդամ Թեհրանի Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ անդամ Հ.Յ.Դ. Կենտրոնական Կոմիտէի:

Եղաւ կուսակցական ամենաճշտապահ գործիչներից մէկը, իր համար գոյութիւն չունեցաւ «կարեւոր» եւ «անկարեւոր» հանգամանքներ, գնաց այնտեղ ուր ղեկավար մարմինները գործուղեցին իրեն եւ գնաց Հայ Դատի ոգին սփռելու:

1976-ի Մայիս 9-ին, Աւստրալիայի «Դրօ» կոմիտէութեան հրաւերով ճամբորդեց Սիդնի, ուր մէկ ամսից աւելի տեւող իր շրջագայութեան ընթացքում ունեցաւ դասախօսութիւններ, եւ հանդիպումներ մարմինների եւ միութիւնների հետ: Իր ճամբորդութեան վերջին օրերին բռնւեց ծանր հիւանդութեամբ որը եւ շարունակւեց Թեհրան վերադարձից յետոյ: Յունիսի 13-ին, նա արիւնահոսութիւն ունենալով, տեղափոխւեց հիւանդանոց ու ենթարկւեց գործողութեան եւ յոյսեր կային, որ պիտի ապաքինւի, սակայն իր վերջին պայքարը՝ կեանքի եւ մահու, տեւեց ճիշտ մէկ ամիս:

Յուլիս 13-ին, մեր սիրելի Բաղդիկ Մինասեանը, իրանահայութեան ընտանիքի այս արժանաւոր անդամը յաւիտենապէս փակեց իր աչքերը:

Թող, որ նրա կեանքն ու գործունեութիւնը օրինակ դառնայ մեր այսօրւայ եւ նաեւ ապագայի ազգային գործիշների ու պատասխանատու անհատների համար:

Յարգա՜նք իր վաստակին:

 

«Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրական կազմ

Վիշապներն ու վիշապաքաղները

Խոհեր

Արա Գրիգորեան

Մի վիշապ է յայտնւում ու փակում քաղաքի ջրի ակունքը։ Ջրի դիմաց բնակիչներից ամէն անգամ պահանջում է գեղեցիկ աղջիկներ, թանկարժեք իրեր ու այլևայլ ընծաներ։ Ամեն տարի քաղաքի ամէնաքաջազոյն երիտասարդը գնում է կռվելու նրա դեմ, բայց վիշապը միշտ յաղթում է։ Այսպես՝ շատ տարիներ, մինչև որ քաղաքում յայտնւում է մի իմաստուն։ Իմանալով ողբերգութեան մասին՝ նա ընտրում է մի ճշմարտասէր պատանու և սկսում նրան ուսուցանել։ Իմաստունը հիմնական ուշադրութիւնը բևեռում է բարոյական, հոգևոր դաստիարակութեան վրայ, այնուհետև ուսուցանում է ռազմական արվեստ։ Պատանին առնականանում է, և երբ գալիս է կռվելու նրա հերթը, գնում ու յաղթում է վիշապին։ Ցնծացող համաքաղաքացիներն ապշում են, երբ վիշապի քարանձաւում յայտնաբերում են բազում այլ վիշապների դիակներ։ Մարդիկ գլխի են ընկնում, որ ամէն անգամ յաղթել է իրենց ընտրած մարտիկը, բայց գայթակղւել է վիշապի արքայական կենցաղով, քաղաքի հանդէպ անսահման իշխանութեամբ և ինքն է վերածւել վիշապի՝ դաւաճանելով քաղաքին, բարեկամներին, ծնողներինԵւ դեռ շատ ուրիշ բաներ են հասկանում նրանք

+++


Ամէն անգամ այս առակը կարդալիս կամ յիշելիս մտածում եմ. տեսնես մարդկանց քանի՞ տոկոսն է ի վիճակի վիշապ չդառնալ, դրա հնարավորութիւնն ունենալու դեպքումՀեռւից ազնիւ ու բարոյական լինելն այնքան հեշտ է

Խորհրդածութիւն #1 – Հայ եկեղեցին եւ Էկումենիկ շարժումը

ԱԿԱՆԱՏԵՍ

 

2003թ. Մայիսի 28-ից մինչեւ յունիսի 1-ը Գերմանիայում տեղի ունեցաւ եկեղեցական հաւաք (Kirchentag), այս անգամ՝ առաջինը լինելով Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիների միասնական ջանքերով, կազմակերպութեամբ եւ պատասխանատւութեամբ: Գերմանիայի պատմութեան մէջ աննախադեպ ասյս հաւաքին կաթոլիկ, աւետարանական եւ այլ դաւանանքների ու կրօնների հաւատացեալներն առիթ ունեցան հանդիպելու իրար հետ, փոխադարձաբար ծանօթանալու միմեանց մշակոյթին եւ դաւանանքին: Մեծ եւ ծանրակշիռ դեր խաղաց նաեւ Charta Oecumenica-ն: Հանդիաւոր պայմաններում Գերմանիայի եկեղեցիների համագործակցութեան անդամ 16 եկեղեցիների, այդ թւում՝ նաեւ Հայ եկեղեցին, յանձին Գերմանահայոց Առաջնորդութեան, մեծ շուքով ստորագրեցին Charta Oecumenica-ն:

Այս ձեւով մի նոր աստիճանի է բարձնանում Եւրոպայում քրիստոնեայ եկեղեցիների համագործակցութիւնը … :

Այս «առաքելութեանը» միացած Հայ առաքելական՝ Էջմիածնի եւ Կիլիկիոյ թեմերի եկեղեցիները վերահաստատել են «Էկումենիկ ուղեգիծ» փաստաթղթի բոլոր կէտերը, այդ թւում՝ նաեւ 10-րդ կէտը, որը ներկայացւում է ստորեւ:

***

10. Հրեականութեան հետ միասնութիւնը խորացնել.

Իւրայատուկ մի միասնութիւն կապում է մեզ հրեայ ազգին, որի հետ Աստւած հաւիտենական մի ուխտ է կնքել: Հաւատքով գիտենք, որ մեր հրեայ քոյրերն ու եղբայրները «Աստծոյ սիրելի են իրենց հայրերի սիրոյն համար: Որովհետեւ Աստծոյ պարգեւներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. 11 : 28-29) : Նրանք ունեն «որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրենսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոսը» (Հռովմ. 9 : 4-5) : Մենք պախարագում ենք եւ դատապարտում հակասեմականութեան բոլոր արտայայտութիւները, ինչպէս ատելութեան պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականութեան համար հայցում ենք Աստծուց ներողամտութիւն, իսկ մեր հրեայ քոյր-եղբայրներից՝ հաշտութիւն:

Խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցիների թէ՛ քարոզչութեան, թէ՛ վարդապետութեան եւ թէ՛ կեանքում գիտակից դարձնել քրոստոնեական հաւատքի՝ հրեականութեան հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցութիւնը քաջալերել:

Պարտաւորւում ենք՝

- Մերժել եկեղեցու եւ հասարակութեան մէջ հակասեմական եւ հակահրեական բոլոր ձեւերը,

- Փնտռել մեր հրեայ քոյր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրայ երկխօսութեան առիթներ եւ աշխուժացնել դրանք:

***

Հարց է ծագում, իսկ հակահայկական, հակապաղեստինեան եւ կամ հակաիրանական ու այլ «հակա»ների «բոլոր ձեւերը» չպիտի՞ կանխւեն… եւ ասենք հոյն կամ ֆրանսացի «քոյր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրայ երկխօսութեան» առիթներ ու աշխուժացում չարժէ՞ փնտռել… Արդեօ՞ք սա չի հակասում նոյն փաստաթղթի 7-րդ կէտի հատւածին. «կրօնն ու եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամէն տեսակի փորձ մերժել»: Մի՞ թէ  վերոգրեալ հրեական ընտրեալութիւնը «ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների» շահագործում չէ:

Նոյնն է 8-րդ կէտի այս հարւածի պարագայում. «պայքարել ամէն տեսակի ազգայնամոլութեան դէմ, որ ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս նաեւ հարցերի խաղաղ լուծման ձեւը պաշտմանել» : Մենք կարծում ենք՝ հրեաների բացառիկութեան թմբկահարումը ոչ միայն «ընկճում է ուրիշ ազգեր եւ ազգային փոքրամասնութիւններ», այլեւ ստորացնում նրանց:

 

Մենք պահանջում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին կրկին անգամ քաջութեամբ հրաժարւել նմանօրինակ նւաստացուցիչ «շարժումներից» (էկումենիկ), պահպանելով իր ազգային իւրայատկութիւնը: Մի անգամ էլ Հայ եկեղեցին լուրջ հերոսութիւն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451 թ.) յետոյ հնարաւորինս պահպանեց իր ինքնուրոյն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով ամէնաազգայինն է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների շարքում, եւ այժմ էլ այն կարող է մեծագոյն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով յիրաւի համահայկական կառոյց: Իսկ դրա համար շատ բան պէտք չէ, անհրաժեշտ է հրաժարւել էկումենիստական ուղուց կամ գոնէ այնտեղ առկայ որոշ նւաստացուցիչ դրոյթներից:

 

Սպասում ենք Ձեր տեսակէտներին, այս կարեւոր խնդրի ուղղութեամբ:

Խորհրդածութիւն

Սիրելի բարեկամներ,

Ընդառաջելով Ձեր բազմաթիւ առաջարկներին, «Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրութիւնը իր կայքէջում բացում է «Խորհրդածութիւն» բաժինը, որը մեր ընթերցողներին առիթ կը տայ, տեսակէտ յայտնել մեր համայնքի զանազան երեւոյթների շուրջ: Համոզւած ենք, որ նման բաժնի գոյութիւնը ապահովելու է մեր ժողովրդի աշխուժ ներկայութիւնը համայնքի կեանքում, նաեւ նրանց խօսքը, պահանջները ու տեսակէտները աւելիով լսելի կը դարձնի ազգային իշխանութեան մօտ:

Յուսանք այդպէս լինի:

«Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրական կազմ

Մեր Հրայր Խալաթեանը

Այսօր Հրայր Խալաթեանի մահւան 20-րդ տարելիցն է

 

Մեր համայնքի նւիրեալ ու միաժամանակ տմարդօրէն անտեսւած գործիչներից է՝ Հրայր Խալաթեանը:
Թէեւ Խալաթեանը արդէն Հայ դատի պայքարի դաշտ էր իջել շատ երիտասարդ տարիքից, սակայն որպէս դիւանագէտ ու հայ ժողովրդի համայնական շահերի պաշտպան առաւելաբար երեւան է գալիս Իսլ. յեղափոխութիւնից յետոյ, երբ թէ որպէս «Ալիք» օրաթերթի խմբագիր եւ թէ որպէս հրապարակախօս, իր քաղաքական վերլուծութիւններով ու լուսաբանութիւններով, ժողովրդին առաջնորդեց դէպի այն նպատակակէտը, որին յարմարւում էր իրանահայութիւնն իր ուրոյն մշակոյթով, քաղաքակրթութեամբ ու պահանջներով:
Նա 1979 թւականին, ընտրւում է որպէս իրանահայութեան պատգամաւորը՝ Իրանի Բանիմացների (Խոբրեգան) (خبرگان قانون اساسی) առաջին ժողովում, որը պիտի քննարկէր ու հաստատէր Իսլամական Հանրապետութեան առաջին Հիմնական Օրէնքը: Երկրի ու ժողովրդի ապագայի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային շատ հարցերի սկզբնական ու վերջնական գոյավիճակը կախւած էր ճակատագրական արժէք ունեցող այս ժողովին, որի իւրաքանչիւր հաստատումը կենսական էր համարւում թէ այն օրերին եւ թէ այսօր, դրանից 30 տարիներ յետոյ:
Այս ճակատագրական ժամանակահատւածի, դրա վերիվայրումների, վէճերի, թեր ու դէմ արտայայտութիւնների, մերժումների, կրած ջանքերի ու խոր ուսումնասիրութիւնների մասին անկասկած հարիւրաւոր էջեր կարելի է գրել, սակայն այսքանով բաւարարւենք, որ Հրայր Խալաթեանն իր ամբողջ կեանքն այդ քանի ամիսներում նւիրեց միայն ու միայն այնպիսի սահմանադրութեան իւրաքանչիւր յօդւածի վրայ կենտրոնանալուն, որ այսօր մանաւանդ կրօնական փոքրամասնութիւնները գրեթէ ապահովւած են տեսնում իրենց կրօնական, կրթական, մշակութային ու հասարակական ուիրաւունքները: Եւ եթէ այսօր, նոյնիսկ նկատի չունենալով երկրի 30 տարիներ առաջւայ պայմանները, անկասկած լիովին ըմբռնած կը լինենք մտաւորական ու դիւանագէտ Խալաթեանի քաղաքական հոտառութեան, ուշիմութեան, հեռատեսութեան ու քաջութեան յատկութիւնները: Յատկութիւններ, որոնք երկար տարիների ուսումնասիրութիւնների, անհատական հետաքրքրութիւնների, բազմաթիւ շփումների ու վերջապէս գաղափարական պաշարի ու այդ գաղափարին փարւած կազմակերպութեան դպրոցում սովորած դասերի շնորհիւ՝ ամբողջութեամբ կուտակւել էր իր մէջ
Հրայր Խալաթեանն իբրեւ Հայ Ժողովրդի ամբողջական շահերի անսակարկող պաշտպանը բազում ջանքեր թափեց իրանահայութեան իրաւաքան-հասարակական շահերն ապահովելու համար, եւ այդ ճեմբում չխնայեց նաեւ իր անհատական կեանքն ու սեփկան ապրումները:
Եւ երկրի հիմնական օրէնքում տեղադրած, իր ոճին իւրայատուկ յօդւածները, բաւական էր որ յաւերժացնէր արդէն իսկ հերոս դարձած Հրայր Խալաթեանին:
Բայց նա փորձեց կատարել աւելին: Շա՜տ էլ փորձեցԽալաթեանի մասնագիտական տեսակէտները երկրի տնտեսութեան, ներքին ու արտաքին քաղաքական անվտանգութեան ու մանաւանդ հասարակական հարցերի կապակցութեամբ կարողացան փաթաթւած բարդոյթներ բացել ժողովում, սակայն նա հակառակ տարած իր տքնաջան ու անասանելի ջանքերի, անհատական ու հաւաքական բանակցութիւնների եւ բազմապիսի օրինական միջոցների դիմելու, ո՛չ կարողացաւ եւ ո՛չ էլ կարողացաւ մոռանալ իր կողմից ներկայացւած ու սաստիկ կերպով պաշտպանած օրէնքի այն նախագիծը, ըստ որի, Սահմանադրութեան մէջ, Իրանահայութիւնը ճանաչւում է ոչ թէ՝ Քրիստոնեայ փոքրամասնութիւն, այլ՝ «Իրանի հայ հասարակութիւն», որը մաս է կազմում իրանի ժողովրդին, որպէս լիիրաւ քաղաքացիներ:
Անզուգական ժամանակակից մտաւորական Հրայր Խալաթեանի քաղաքականհասարակական ջանքերը չաւարտւեցին Բանիմացների Ժողովի աւարտումով: Նա իր թիկունքում ունենալով ծառայութեան մեծ վաստակ ու փորձառութիւն, այս անգամ ժողովրդի լայն խաւերի վստահութիւնը շահելով ընտրւեց նաեւ Իսլամական Խորհրդարանի առաջին նստաշրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւորը: Հրայր Խալաթեանն այստեղ եւս չորս տարւայ ընթացքում (1980-84) որեւէ ջանք չխնայեց իրանահայութեան, ինչպէս նաեւ Իրանի ժողովրդի շահերն ու իրաւունքները պաշտպանելու հարցում:
Նա 1981 թւականի օգոստոսին, մի ուրբաթ օր երեկոյեան, Թեհրանի ներկայ Ջալալէ Ալէ Ահմադ կոչւող պողոտայում իր ինքնաշարժի մէջ մահափորձի ենթարկւեց թշնամիների կառքին լծւած դաւադիրների կողմից: Ծանր վնասւածքներ ստանալով հանդերձ, Խալաթեանը փրկւեց մահափորձից ու ապաքինւեց «Մեհր» հիւանդանոցում:
1929
թւականին Քերմանշահում ծնւած, Թաւրիզում մեծացած ու Թեհրանում կատարելագործւած ու ծառայութիւն ծաւալած Հրայր Խալաթեանը՝ այն սակաւաթիւ հսկաներից մէկը, վախճանւեց 1988 թւականի յուլիսի 10-ի երեկոյեան ժամը 23ի-ն, սրտի կաթւածի հետեւանքով, դարձեալ Թեհրանի «Մեհր» հիւանդանոցում: Վկաների ասութեամբ, ամբողջ հիւանդանոցը եւ բարեկամները, եւ ընկերները աշխատանքի էին լծւել միայն մի Նիտրոգլիսիրին դեղահատ գտնելու համար, բայց չգիտես ինչո՞ւ չգտնւեց
Չգիտենք արդեօք նրանք, որոնք վայելում են Հրայր Խալաթեանի զոհաբերութիւններով ձեռք բերւած իրաւունքներն ու նւիրական գործունէութեան արգասիքը, յիշո՞ւմ են այս օրը, եւ կամ ընդհանրապէս յիշում կամ ճանաչո՞ւմ են սակաւաթիւ հսկաներից մէկինՉեմ կարծում, քանի որ նրան ճանաչող ու նրա ուղին որդեգրած սերունդն այսօր համայքի պատժւածների ու լուսանցքների մէջ գտնւողների շարքերի մէջ ենԱհա թէ ինչո՞ւ է կարեւորւում նորեկներին ու նորելուկներին, մեր համայնքի արժէքներն ու արժանիքները ծանօթեցնելու անհրաժեշտութիւնը

+++

 Թող չյիշեն…, բայց մենք չափազանց ուրախ ենք, որ այսօր ամօթով չենք իրեն ու իր աշխատանքը մոռանալու համար
Ամբողջ աշխարհի թարմ ծաղիկները քո շիրիմին եւ վարձքտ ի կատար երիցագոյն ուսուցիչ, եւ քաջութեան վարպետ՝ Հրայր Խալաթեան
Այսօր Հրայր Խալաթեանի մահւան 20-րդ տարելիցն էառ ի տեղեկութիւն միայնոմանց

 (Նիւթի որոշ բաժինները փոխ են առնւել «Ալիք» օրաթերթից)

«Մեր Համայնքը» լրատու ցանցի խմբագրական կազմ

 

 

 

«Արարատ»-ն ու իր ֆուտբոլի խումբը

ԱԿԱՆԱՏԵՍ

Ինչպէս յիշում էք, մենք յունիսի 17-ին  գրեցինք Հ.Մ.Արարատ Կազմակերպութեան ֆուտբոլի խմբի ոչ յուսալի վիճակի մասին: Նախ թոյլ տւեք ասել թէ  այդ կարեւոր խնդիրը զարմանալիօրէն անտեսւել է մեր համայնքում աշխատող մամուլի կողմից, կարծես իրանի հեռուստաալիքում, եւ այն էլ մի աննշան սերիալում, նշւած Հայոց Մեծ Եղեռնի մասին մի երկու բառը աւելի է հետաքրքրում մեր մամուլին քան համայնքային նշանակութիւն ունեցող այլ խնդիրները:

Ինչեւէ, մեր վստահելի աղբիւրները հաղորդում են, որ ՀՄԱԿ-ի կենտրոնական վարչութիւնը, մեր հրապարակած բացայայտող յօդւածից յետոյ անցել է գործի եւ մտադիր է Արարատի ֆուտբոլի պատասխանատւութիւնը յանձնել մարզական միութեան եւ կամ նորաստեղծ ֆուտբոլի յանձնախմբին: Ինչոր պարզ է Արարատի ֆուտբոլի անբաենպաստ վիճակը բազմաթիւ բողոքների ալիք է բարձրացրել ՀՄԱԿ-ի պատասխանատուների դէմ:

Մենք էլ մեր հերթին ողջունում ենք ՀՄԱԿ-ի կենտրոնական վարչութեան մտայղացումը, եւ յոյս ունենք, որ նոր պատասխանատուները ճիշտ որոշումներով ու գործով մեր շատ սիրելի Արարատի ֆուտբոլի խմբին կը վերադարձնեն իր կորցրած արժեքը:

Յուսանք այդպէս լինի …

Ս.Թադէի վանքը պաշտօնապէս գրանցւեց Իւնեսկօ-ի պատմական կոթողների ցանկում

«Մեր Համայնք» լրատու ցանց , Թեհրան – Յուլիսի 6-ին Կանադայի Կեպեկ քաղաքում գումարւած Իւնեսկօ-ի 32-րդ համաժողովի աւարտին, Իրանում գտնւող հայկական Ս. Թադէոս առաքեալի պատմական վանքը, որպէս իրանի 9-րդ պատմամշակութային կոթող պաշտօնապէս գրանցւեց Իւնեսկօ-ի ցանկում: Նշելի է, որ Ս.Թադէի վանքի հետ նաեւ Իւնեսկօ-ին է յանձնւել Ծործորի Ս. Մարիամ եւ Ս. Ստեփանոս նախաւկայի վանքերի փաթեթը, որը քննարկւելու է ապագայում:

Իւնեսկօ-ի պատասխանատուների յայտարարութեան հիման վրայ, եթէ սոյն կոթողները իրանի կառաւարութեան կողմից մատնւեն անուշադրութեան, դրանք կը ներառւեն Իւնեսկօ-ի վտանգւած կոթողների ցանկում ու եթէ այդ անուշադրութիւնները շարունակւեն, գրանցւած պատմական կոթողները դուրս կը հանւեն Իւնեսկօ-ի հովանաւորութեան ցանկից:

Իւնեսկօ-ի 32-րդ համաժողովին մասնակցում էին, Իւնեսկօ-ի անդամ երկրների մօտ 200 մասնագէտներ:

Ս.Թադէի վանքի Իւնեսկօ-ի ցանկում գրանցւելու պաշտօնական լուրը յայտարարւեց յուլիսի 7-ին:

Համերգը՝ մշուշոտ խաւարում…

Նկարը մեծ չափով

Գէորգ Սարուխանեան


Երկու գիշեր շարունակ, թեհրանահայութիւնը ի՜նչ յոյսերով ու սպասելիքներով «Արարատ» մարզաւան գնաց՝ Հայաստանի երգիչների համերգը դիտելու համար: Բայց ի՞նչ դիտելԱյս առեղծւածը՝ բեմայարդարման ու լուսաւորման հարցը՝ կարծես երբէք չի լուծւելու եւ սկսնակ բեմայարդարներն ու լուսաւորողները յաջորդաբար խափանում են կազմակերպիչների ջանքերը, յաջող ելոյթ ներկայացնելու համար:
Հակառակ ներկաների բազմիցս բողոքների, բեմը տեսնել չկարողանալու համար, չգիտես ինչո՞ւ կազմակերպիչները յամառում են իրենց թերի դիզայնը (լոյսերի կապակցութեամբ) երկրորդ գիշերը եւս կրկնելու համար:
Չգիտենք ի՞նչ լեզւով պիտի յարգելի կազմակերպիչներին հասկացնել, որ իւրաքանչիւր բեմ, ըստ բեմի բովանդակութեան ու օգտագործման սիւժէի է յարդարւում եւ լուսաւորւում: Դա արհեստ լինելով նաեւ արւեստ է, որն այսօր դժբախտաբար կատարում է իւրաքանչիւր մարդ, որ միլիոններ ծախսելով կարողանում է գնել նման սարքերը:
Մարզաւանի դաշտում կանգնեցւած բեմը, բոլորովին չէր համապատասխանում նոյնիսկ երկրի փոքր քաղաքների մակարդակի բեմերի ձեւաւորման ու լուսաւորման չափանիշների: Թողնելով բեմի զոյգ կողմերում կանգնեցւած երկու սեւ հագուստներով իբր «բադիգարդների» ներկայութեանը, (որը շռայլութիւն համարւելով հեգնանքի ու ծիծաղելի առիթներ էին ստեղծում…) լոյսերը բեմը լուսաւորելու փոխարէն նշանառւել էին ճիշտ դիտողների աչքերին, որով եւ անհնար էր դարձնում դիտել արդէն իսկ մութ ու մշուշօտ բեմն ու բեմի վրայ կանգնած մարդկանց: Լոսերի ճակատը դասաւորւել ու տեղադրւել էր ճիշտ հակառակ կողմը: Աննպատակ ու անբացատրելի մշուշից ու լոյսերի խաղի անտեղի օգտագործումից բացի, բեմի ճակատից ցրւող 16 ուժեղ լուսարձակները, Ֆլաշներն ու լուփերը, եւ center light-ը, խանգարելուց բացի ուրիշ ոչ մի նպատակի չծառայեցին:
Սիրելիներ, բեմայարդարումն ու բեմի լուսաւորումը կատարւում է ճշգրիտ հաշւարկումներով ուորտեղ նկատի է առնւում դրանց լուսաւորման չափը, վաթը, հզօրութիւնը, շողարձակման դաշտը, բեմի տարածքը, բեմի եւ լոյսերի տարածութիւնը հանդիսատեսի հետ, գոյները եւ շատ ուրիշ Ֆակտորներ, որոնք կարիք ունեն ընդհանրապէս լոյս եւ գոյնից գիտական գաղափար ունեցող մասնագէտների: Տեղին ու անտեղի մշուշի օգտագործումն էլ նոյնպէս է: Անկախ այն բանից, որ մարզադաշտում օգտագործւած լոյսն ու մշուշը ընդհանրապէս Disco-ներին յատուկ մեթոդ է միայն, եւ եթէ պնդում կայ որ անպայման դրանք լինեն, պիտի այս էլ իմանալ, որ մշուշի եւ լոյսի պատասխանատուն պիտի ունենայ նաեւ երաժշտական եւ գեղարւեստական ճանաչողութիւն:
Այդ տեսակ լոյսերը եւ մշուշը պիտի օգտագործւեն ըստ ցրւող երաժշտութեան ու երգի բովանդակութեան: Բայց այն ինչ մենք մարզադաշտում տեսանք, կամ պատահական ու անտեղեակ մարդու եւ կամ էլ շատ անճաշակ արւեստագէտի «աշխատանք»ի արդիւնք էր: Մարզադաշտը, իր բաց երկնքի տակ գտնւելու պատճառով կարող էր լուսաւորման ու լոյսերի ու մշուշի խաղերի հոյակապ դաշտ լինէր, բայց չգիտես այդքան ծախսելով, բոլորը կենտրոնացրել էին հէնց մի քանի մետր տարածութիւն ունեցող բեմի վրայ, որը նաեւ խիստ խանգարիչ էր: Մասնագէտների կարծիքով դա հիանալի լոյս էր միայն նկարահանելու համար, եւ ոչ թէ դիտելուբացառւած չի, որ մի քանի ժամանակից յետոյ տեսնենք այդ ելոյթի տեսահոլովակի վաճառքը…:
Եթէ այդպէս է, իսկապէս ժողովրդին խաբել է նշանակում եւ դատապարտելի քայլ է՝ համերգը կազմակերպողների կողմից: Երկու գիշերւայ ընթացքում վաճառւել է 9000 տոմս, որից գոյանում է 63 միլիոն թուման հասոյթ: Թող հալալ լինի, միութիւնները գոյատեւելու համար հասոյթաբեր ձեռնարկների կարիք ունեն, ու գիտենք նաեւ, որ հասոյթի դիմաց կան նաեւ ծախսեր, բայց ստացւած գումարի դիմաց պիտի համապատասխան սպասարկում հրամցւէր ժողովրդին: Չգիտես ծիծաղելի կերպարանք ու մտայղացում համարւող զոյգ «բադիգարդ»ների ներկայութեանն հաւատալ իբրեւ խրթւիլակներ, թէ խեղճ ժողովրդին, որ չփոշօտելու համար իւրաքանչիւրը նստում էր մի կտոր թերթի վրայՀնարաւոր չէ՞ր արդեօք մի ժամ առաջ ջրով միայն սրբել բեթոնէ նստարանների փոշին
Յամենայն դէպս ջերմօրէն շնորհաւորում ենք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 64-րդ բարեբաստիկ տարեդարձը, եւ մաղթում ենք առաւել նւաճումներ ու յառաջխաղացք՝ իր ազգանւէր աշխատանքներում, մարզամշակութային եւ հայապահպանման ասպարէզներում:

Ո՞ւր գնայ Ժողովուրդը

Արա Գրիգորեան

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմի անդամ

 

Տասնամեակներ շարունակ իրանահայ համայնքն իր զանազան խրախճանքների ու սուգերի առիթով համախմբւել է իր քաղաքի եկեղեցիներում ու միութիւններում: Դրա օրինակները բազմաթիւ են որոնցից կարելի է նշել Տրընդէզը, Վարդավառը, Զատիկը, Նոր Տարին, Ապրիլ 24-ը, եւ վերջին մէկ տարւայ ընթացքում նաեւ Հրանտ Դինքի սպանութեան դէմ բողոքի համահաւաքը:

Բայց վերջին տարիներին, ազգային իշխանութիւնը, առաջնորդ սրբազանի հրահանգով, հերթաբար ժողովրդին արգիլել են Ս. Սարգիս մայր եկեղեցու բակում համախմբւելը: Դա առաջին անգամ պատահեց հինգ տարի առաջ, երբ տրընդէզի ազգային-աւանդական տօնի առիթով ժողովրդին արգիլեցին եկեղեցու շրջափակում հրաւառութիւնից եւ եկեղեցու դուռը փակելով ժողովրդին փողոց վռնդեցին, հենց նոյն եկեղեցու խորհրդի անդամներն ու կարգապահները: Այդ օրը, ժողովուրդը եկեղեցու առջեւ համախմբւեցին եւ փողոցում հրաւառութեամբ տօնեցին աւանդական տրընդէզը: Դժբախտաբար մեր երկրի այն օրերի ոչ ապահով պայմանների պատճառով, պետական-զինորական ուժերը արագութեամբ շրջափակեցին «արտաքսեալ» ժողովրդին եւ ձերբակալեցին մի քանի երիտասարդի եւ ի վերջոյ ցրեցին նրանց: Այդ օրւանից սկսեալ սրբազան առաջնորդի միջոցով մեր համյնքում հիմք դրւեց ոչ պատշաճ սովորութիւնը՝ սեփական ժողովրդին եկեղեցուց վռնդելըը:

Այդ ցաւալի իրողութիւնը միայն չսահմանափակւեց տրընդւզով, եւ հերթը հասաւ վարդավարին: Ժողովուրդը նաեւ զրկւեց իր հաւատքի տան շրջափակում վարդավառը տօնելուց: Այս տարի եւս եկեղեցու պատասխանատուներն արգիլեցին եկեղեցու շրջափակում վարդավառի աւանդական տօնի շատ սիրւած ջրախաղը: Համախմբւած ժողովուրդն ի բողոք եկեղեցու պատասխանատուներին, համախմբւեց եկեղեցուն (Ս. Սարգիս) կից նորակառոյց զբոսայգում, որը կրկին անգամ ցրւեցին պետական-զինւորական ուժերի միջոցով եւ ի վերջոյ ձերբակալւեցին 4 երիտասարդներ: Նշելի է, որ սոյն օրը, ժողովրդի առջեւ փակւեցին նաեւ նոյն թաղում գտնւող դպրոցների դռները, որտեղ ժողովուրդն առիթ կունենար համախմբւելու եւ վարդավառը տօնելու:

Այստեղ մի անմեղ հարց է առաջանում, թէ ի՞նչ է սեփական ժողովրդին եկեղեցու շրջափակում աւանդական տօնախմբութիւնից զրկելու բուն նպատակաը: Արդեօ՞ք կայ մի ինչ որ յետին նպատակ:

Բոլորս լաւ գիտենք, որ մեր համայնքը, օրըստօրէ նոսրանում է եւ ժողովուրդը տուն-տեղը թողած արտագաղթում է հեռաւոր ամերիկաներ, ուրեմն ինչո՞ւ մեր ազգային իշխանութիւնն ու հոգեւոր առաջնորդը իրենց անտրամաբանական գործով ժողովրդի մօտ առաջացնում են առաւել դժգոհութիւն, որը եւ կարող է արտագաղթի դրդապատճառների մի փոքրիկ մասը դառնալ: Երբ այլեւս ժողովրդի մօտ կորում է պատկանելիութեան զգացումը ու ազգային իշխանութեան հանդէպ վստահութիւնը, էլ ազգային իշխնութեան մօտ ինչ սպասելիք կայ թէ ժողովուրդը մնայ եւ պաշտպանի իր համայնքային ունեցւածը եւ կառոյցը:

Մեծամասնութեան ասութեամբ ազգային իշխանութիւնը նման քայլի դիմելով փորձում է մի կերպ ժողովրդին մղել արտագաղթի, բայց մենք հնարաւորին չափով խուսափում ենք այս բոլորի մէջ տեսնել մի ինչ որ յետին նպատակ, եւ այս իրավիճակը համարելով լոկ բացթողում՝ ազգային իշխանութեան եւ առաջնորդի կողմից, յոյսով ենք, որ մեր ազգային իշխանութիւնն ու սրբազան առաջնորդը կը վերանայէն իրենց որդեգրած ընթացքը եւ կրկին անգամ ժողովրդին առիթ կը տան իր սրբավայրում ազգային տօնակատարութիւնները իրականացնելու ուղղութեամբ:

Մեր կայքէջը «Նոյան Տապան» -ի «Հայերն Այսօր» տեղեկագրում

Յուլիսի 2 ին Հայաստանեան «Նոյան Տապան» լրատու ցանցն էլ իր «Հայերն Այսօր» տեղեկագրի լուրերի շարքում նաեւ անդրադարձաւ մեր կայքէջին: Շնորհակալութիւն ենք յայտնում ՆՏ-ին:

********************************************************************

ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ «ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔ» ԼՐԱՏՈՒՆ

 

ԹԵՀՐԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սկսել է գործել իրանահայության ժողովրդական լրատու ցանցը` «Մեր համայքը», որի կայքէջի հասցեն է` http://ourhamaynk.wordpress.com: Ինչպես հայտնում է լրատուն, կայքէջում մշտապես տեղ կգտնեն իրանահայությանը հուզող հարցեր:

 

 

 

 

«Ալիք» օրաթերթից աւելին էինք սպասում

Գէորգ Սարուխանեան
«
Մեր համայնք» լրատու ցանցի վարիչ կազմի անդամ


«
Ալիք» օրաթերթն իր այսօրւայ համարի առաջին էջի «Դիտանկիւն» սիւնակում, անդրադառնալով վերջերս հայերէն լեզւով հրապարակ եկած երկու կայքէջերի, մի շարք կծու եւ ոչ բարեկամական բառերով է ներկայացրել մեր՝ http:ourhamaynk.wordpress.com – ին:
Եթէ չճանաչէինք մեր համար նաեւ մայր մամուլ-ի նախակարապետն համարւող այս հինաւուրց ու յանդուգն թերթի գաղափարախօսութիւնն ու որդեգրած քաղաքական ուղղութիւնը, գուցէ այլ պէս վերծանէինք այդ քանի տողերը: Սակայն նկատի ունենալով այն, որ «Ալիք»ը միշտ լինելով ուղեցոյց որ քաղաքական, ազգային եւ հասարակական հարցերում իր կտրուկ ու վճռական խօսքն ունի ասելու, մենք գտնում ենք, որ մասամբ էլ վիրաւորական թւացող հէնց այդ մի երկու նախադասութիւնն ուղղւած մեր հասցէին, գրւել են թէ՝ սրտցաւութիւնից եւ թէ՝ միաժամանակ տեղեկութիւնների պակասից:
Թողնելով այն հասարակ հարցը, որ բոլորովին կարիք չկար որոշիչ յօդ-ի պարագան մատնանշել այդ պատկառելի թերթի առաջին էջում, այն էլ երբ կայքէջն է ներկայացնում ու դարձեալ վիրաւորական ոճով յաջողութիւն մաղթում «Մեր համայնք»-ականներին, ընդհանրապէս քաջալերական խօսքերով չի ողջունում մեզ: Եւ դա ցաւալի այն կողմն է, որ ընթերցողը չգիտի «Ալիք»-ն այս երիտասարդ կայքէջին բարեմաղթութիւններով է ողջունում, թէ՝ սրտնեղւած է դրա գոյութեան համար: Ճիշտ հենց այնպէս, որ ազգայինհամայնքային հարցերի նկատմամբ էլ առհասարակ յստակ տեսակէտ ու դիրքորոշում չի ունենում:
Պատկառելի «Ալիք»ը գուցէ չի էլ մտածել այն մասին, որ այս կայքէջը հանրային տեղեկատւութեան դաշտ է իջել, «Ալիք»-ի հէնց այդ բացը լրացնելու համար!: Որոշիչ յօդ-ին մատնանշելու փոխարէն, «Ալիք» օրաթերթը կարող էր իր առաջին էջում տպագրւող դիտանկիւնի սիւնակում պարզ ու յստակ ի յայտ հանրութեան իր անկեղծ տեսակէտն յայտնէր «Մեր Համայնք»-ի մասին, ինչպէս յայտնել է միւսի համար:
Սիրելի գրչակիցներին պիտի ասել, որ այն ինչ մեծ զոհողութեամբ ու չարչարանքներով են բերւում կայքէջի վրայ, «հաւանական կրքեր» չեն, եւ մենք էլ այսքան չարչարանքներ չենք համբերում միայն «կրքերից լիցքաթափւելու» համար: Մենք խօսում ենք կուտակւած այն ցաւերից ու մտահոգութիւններից, որ դուք տեղեակ լինելով հանդերձ, գուցէ արծարծելու (ոչ թէ կարողութիւնն ու համարձակութիւնը) հնարաւորութիւնըչունէք: Բայց «Ալիք»ը մի տեղ ճշմարտապէս մի իրականութեան է անդրադարձել, եւ այն՝ հանրային կարծիք ձեւաւորելն է, յանուն արդարութեան ու …: Այո մենք ոչ միայն հանրային կարծիք ենք ձեւաւորում, այլ պայքարում ենք հասարակութեան հանրային կարծիքը ճաշակային մօտեցումներով շեղողների դէմ, եւ համեստօրէն «Ալիք»-ին եւս հրաւիրում ենք այս ոլորտում միանայ մեզ:
Մենք շատ լաւ գիտենք, որ մամուլը հարցերը մերկ ու անկեղծ կերպով արծարծելու մէջ շատ էլ հնարաւորութիւններչունի: Եւ գիտենք նաեւ, որ ազգային իշխանութիւնը ինչ ճնշումներ է բանեցնում մեր համայնքի չորրորդ իշխանութեան՝ մամուլի վրայ, իրականութիւնները այլ կերպ ներկայացնելու համար: Այսպիսով մենք համոզւած ենք, որ http:ourhamaynk.wordpress.com –ը ինչ որ ձեւով պիտի օգնի նաեւ «Ալիք» օրաթերթին՝ ճիշտ, արդար, անկեղծ եւ իրական տեղեկատւութեան իր առաքելութեան մէջ:
Մենք համոզւած ենք նաեւ, որ շուրջ ‏80 տարի զոհաբերութեամբ ու ի՜նչի՜նչ դժւարութիւններով ու տառապանքներով լոյս տեսնող այնքան սիրւած «Ալիք» օրաթերթի, իրական պատկերը այն չի, որ տեսանք այսօրւայ առաջին էջում: Ցաւում ենք այդ մօտեցման համար, սակայն իբրեւ կրտսէր եղբայր եւ գրչակիցներ, որ ամէն օր սպասում ենք դրա լոյս ընծայմանը՝ տեղեկանալու, սովորելու եւ կոփւելու համար, մեզ չենք թոյլատրում այնպիսի բանավէճի մէջ մտնենք, որով պիտի խանդավառւեն միյան մեր համայնքի միասնութեան, միակամութեան ու հաւաքական կամքի իրագործման թշնամիները: Եւ մենք էլ կը մօռանանք, որ այդպիսի բանավէճի թաշկինակն արդէն ստացանք՝ այսօրւայ դիտանկիւնով:
«
Ալիք»-ից իբրեւ վաստակաւոր մամուլ, որ իր պատւական տեղն ու դիրքն ունի ոչ միայն մեր համայնքում, այլ ամբողջ սփիւռքում, աւելին էինք սպասում: 

Մեր կայքէջը «Ալիք» -ում

Այսօր՝ 2 Յուլիսի 2008 -ին «Ալիք» օրաթերթի առաջին էջի Դիտանկիւն բաժնում անդրադարձ է եղել «Մեր Համայնք» կայքէջի մասին, որն անչափ ուրախալի եւ քաջալերող երեւոյթ ենք համարում մեր համար, այն պատճառով, որ ի վերջոյ Ալիքը իր լռութեան պատը կոտռելով անդրադառձաւ մեր համայնքում իրականութեան ասպարէզ ելած մի երեւոյթի, որը իր կարճատեւ կեանքի ընթացքում լայն շրջանառութիւն է գտել հանրային կարծիքի մօտ: Սակայն մինչ այժմ մեր գոյութիւնը շշուկների առարկայ էր դարձել ազգային իշխանութեան նեղ սահմաններում, այսպէս պարտական ենք Ալիքին, որ իրենից համարձակութիւն ցուցաբերելով հրապարակայնօրէն յաղորդել է մեր իրականութիւնը:

Ստորեւ, նոյնութեամբ ներկայացնում ենք «Ալիք»-ի  «Դիտանկիւն» սիւնակում տպագրւած գրութիւնը մեր մասին:

*********************************************************************************

Կայքէջային նորամուծութիւններ

 

Օրերս, գրեթէ միաժամանակ, «E-mail»-ային լրահոսքով շրջանառութեան մէջ են դրւել հայերէն երկու նոր կայքէջեր կամ այսպէս ասած՝ կայքէջային մամուլ, որոնցից մէկն ունի յստակ հասցէատէր, իսկ միւսը, ինչպէս դրա «վարիչ կազմ»-ն է յայտնում, ցայժմ վաղաժամ է համարել անունով բացայայտւել:
Հասցէատէր առաջին կայքէջը կոչւում է «Փարոս» հայկական ինտերնետային պարբերաթերթ, հետեւեալ հասցէով www.Pharosonline.net: Այժմ դեռ յայտնի չէ, թէ մեր համայնքին հրամցւող ինտերնետային առաջին մամուլը ինչ պարբերականութեամբ է հրապարակւելու եւ ինչպէս նախաձեռնողներն են յայտնել՝ «Կայքէջը նոր է շահագործման յանձնւել եւ դեռ փորձնական շրջան է անցկացնում»:
Ինչեւէ, բազմազան նիւթերով ու լուրերով փորձնական ընթացք ընդունած «Փարոս»-ականներին մաղթում ենք յաջող փորձաշրջան, ընդհուպ մինչեւ կայուն ու շարունակական գործունէութիւն՝ մամլոյ եւ տեղեկատւութեան լայնածիր, հետեւաբար եւ՝ պատասխանատու աշխատադաշտում:
Գալով 2-րդ՝ անհասցէ (չբացայայտւած հեղինակներ) կայքէջին, որը «Մեր համայնք» է կոչւում (աւելի ճիշտ կը լինէր «ը» որոշիչ յօդը եւս գործածւէր), կրում է այս ինտերնետային հասցէն՝ ourhamaynk.wordpress.com:
Այս կայքէջը հաւատարիմ իր անւանը՝ լրատւութիւն է կատարում լոկ իրանահայ համայնքի անցուդարձերի եւ իրավիճակի մասին… «…. Մեզ հետաքրքրում է համայնքի ազգային, հասարակական, մշակութային, կրօնական, կրթական, մարզական…. եւ նման հարցերը եւ փորձում ենք վեր հանել այդ ոլորտներում գոյութիւն ունեցած թերութիւնները՝ սխալները սրբագրելու նպատակով…»,- ընդգծել են դեռեւս անյայտ հեղինակները:
Խիստ քննադատական եւ տեղ-տեղ սուր որակումներով լրատւութեամբ ու մեկնաբանութիւններով հանդէս եկած «Մեր համայնք»-ականներին եւս մաղթում ենք կուտակւած հաւանական «կրքերի» լիցքաթափում եւ հանրային կարծիք ձեւաւորող առողջ լուսաբանում ու լրատւութիւնյօգուտ հէնց մեր ազնիւ ու համբերատար համայնքի:

Ալիք օրաթերթ, 2 յուլիսի 2008

Մէկ միլիարդ թումանի ճակատագիրը յայտնի չէ

ԱԿԱՆԱՏԵՍ

 

Մի քանի օր առաջ խօստացել էինք խօսել մեր համայնքի մօտ մէկ միլիարդ թուման դրամագլուխի ու դրա ճակատագրի մասին: Դեռ թեման չհրապարակւած, մի շարք անհատներ թէ պատգամներով եւ թէ էլ-Պոստով փորձեցին գուշակութիւններ կատարել եւ այդ գուշակութիւնների հիման վրայ փորձեցին իրենց զերծ պահել ժողովրդի հաւանական քննադատութիւններից: Դրա պարզ օրինակն է պր. Ռոբերտ Մարգարեանը: Մենք համոզւած ենք, որ պր. Մարգարեանը, որը իր ասութեամբ տարիներ թեմական խորհրդի անդամ է եղել, կարող է մեր ժողովրդին ճիշտ բացադրութիւն տալ շարունակութեան մէջ արտացոլւած թեմայի մասին:

 

Ինչոր է, անցնենք մեր թեմային:

2004 թւականից թափ առած արտագաղթի հետեւանքով, մօտաւորապէս մեր համայնքից գաղթել են 15,000 հոգի: Ինչպէս գիտէք իւրաքանչիւր արտագաղթող անհատ մկրտութեան վկայական ստանալու համար ներկայում առաջնորդարանին վճարում է 90,000 թուման: Միջին հաշւով 2004 – 2008 թւականների ընթացքում առաջնորդարանին վճարւել է աւելիքան մէկ միլիարդ թուման: Այդ դրամագլուխը, ըստ տնտեսագէտների, պիտի համարել հարստութիւն եւ ոչ եկամուտ, որովհետեւ դա արտագաղթողների վերջին ներդրած լուման է, որը պատկանում է ժողովրդին: Ուրեմն առաջնորդարանը իրաւունք չունի այդ դրամագլուխը ծախսել որպէս եկամուտ, այլ պիտի հիմնական կառոյցներում ներդրում կատարելով դիւրութիւններ ստեղծել մեր համայնքի հաւատարիմ ժողովրդի համար:

Այդ իսկ պատճառով համայնքում զանազան մտահոգութիւններ է գլուխ առել այս ուղղութեամբ, թէ այդ գումարները ո՞ւր են ներդրւել: Մենք էլ մեր հերթին հարց ենք ուղղում թեմական խորհրդին, թէ՝ ի՞նչ է եղել այդ դրամագլուխը: Մեր համոզմամբ համայնքին հաւատարիմ մնացած ժողովրդի արդար իրավունքն է իմանալ այդ դրամագլուխի ճակատագրի մասին: Թող թեմական խորհուրդը յարգի իր ժողովրդին եւ մի կերպ ( ժողովրդական հանդիպում, մամուլ , … ) իրազեկ պահի նմանօրինակ խնդիրների մասին:

Խանդավառւենք բոլորս միասին

Համայնքի մէջ խանդավառութեան առիթներ ստեղծելը, մանաւանդ ներկայ պայմաններում, խիստ գնահատելի եւ կարեւոր աշխատանք է համարւում: Դա անհրաժեշտ միջոցառում է մանաւանդ այն խաւերի համար, որոնք նիւթական բազմապիսի դժւարութիւնների պատճառով առհասարակ զրկւում են ուրախ ու խանդավառ զբաղումներից ու առաջացած առիթներից:
Օրերս, Թեհրանի Հ.Մ.Արարատ Կազմակերպութեան գեղեցիկ մտայղացումով, Հայաստանից արւեստագէտներ են հրաւիրւել քաղաքում ելոյթ ունենալու համար: Բայց այդպիսի ընտանիքների համար, որոնց ամենաէժան ուտելիք՝ բրինձի ամենահասարակ տեսակը արժում է կիլոգրամը 25000 ռիալ, եւ այդ գնում են ոչ թէ քսակներով, այլ մէկական կիլոներով, ընդունէք որ 70.000 ռիալ իւրաքանչիւր անձի համար վճարելը՝ գեղեցիկ համերգ դիտելու եւ խանդավառւլու համար, իսկապէս ծանր է: Դեռ նկատի ունենք, որ իւրաքանչիւր ընտանիքից խանդավառւելու բախտը պիտի ունենայ միայն մէկ հոգի: Դեռ հաշւի չենք առնում երթեւեկութեան ծախսը , որ միջին հաշւով նայում է 80.000 ռիալի: Կարիք չկայ բացատրելու, որ այդպիսիք երթեւեկութեան միջոց չունենալու պատճառով ստիպւած են աժանս-տաքսիներից օգտւեն, Մարզաւանի վայրի հեռաւորութեան ու քաղաքի ամենախճճւած շրջանում գտնւելու համար:
Այստեղ չենք ուզում Արարատ Կազմակերպութիւնն իր այդ ազգահաճոյ աշխատանքի կողքին, որը բնականաբար նիւթական հասոյթի սպասելիք էլ կունենայ, զոհաբերութիւն գործի: Բայց հնարաւոր էր բազմապիսի խնայողութիւններով տոմսերի գինը աւելի իջեցնել: Օրինակ՝ բոլորովին կարիք չկար այդպիսի շքեղ ու հսկայական եւ բաւականին թանկարժէք որմնազդեր պատրաստել. մի յաւելեալ ծախս, որ աշխարհում չի կատարւում նոյնիսկ Սելին Դիոնի, ՋենիՖէր Լոփէզի, եւ նոյնիսկ մեր՝ Շարլ Ազնաւուրի համերգների համար:
Միւս կողմից, յարգելի արւեստագէտներին պիտի համոզեէին, որ այստեղ ոչ Փարիզ է ու ոչ էլ Լոս Անջելոս, կամ Կանադա: Այստեղ Թեհրան է, եւ որտեղ Դոլլարով կամ Եւրոյով աշխատավարձ չեն ստանում, աւելացնելով, որ իւրաքանչիւր տոմսը կարժէ միջին հաշւով երեք կիլոգրամ բրինձ
Յարգելի արւեստագէտների ուշադրութեանը պիտի յանձնէին, նաեւ այն իրողութիւնը, որ թէեւ իրանահայ համայնքը հարուստ է կալւածներով որոնք եւ յաջորդաբար ու շտապ կերպով վաճառւում են Հայաստանի բարգաւաճման ի նպաստ, սակայն ինքը՝ համայնքի անդամների խոշոր տոկոսը որեւէ բաժին չունի այդ հարստութիւնից ու զուրկ է վայելելու շատ առիթներից:
Վստահ ենք, եթէ այդ սիրելիները տեղեակ լինէին այն իրողութեան մասին, որ իրենց եւ մեր հայրենիքի զարգացման ու բարգաւաճման համար ներդրող եւ իրենց պրոժեները իրագործելու նիւթականը հայթայթող ու տնտեսութիւնը սնող իրանահայ համայնքը  ի՜նչ զոհաբերութիւնների է դիմել, գոնէ իբրեւ երախտագիտութիւն ու շնորհակալութիւն՝ խորհրդանշական ձեւով կիջեցնէին իրենց աշխատավարձի չափը:
Իսկ եթէ այս եւս չի յաջողւել, դեռ չի ուշացել: Մարմիններն ու կառոյցները կարող են երիտասարդ զոյգերի համար բնակարաններ կառուցելուցառաջ, առայժմս սուբսիդ վճարելով խանդավառութեան աշխոյժ առիթներ ստեղծեն բոլոր նրանց համար, որոնք առհասարակ ամբողջ տարւայ ընթացքում զուրկ են ուրախ առիթներին մասնակից դառնալուց:
Կարծում ենք դա հնարաւոր է եւ վստահ ենք, որ գոյութիւն ունի այդ յատկացման նիւթական աղբիւրը: Հաւատացէք շատերը կօրհնեն ձեռնարկողներին: Ի՞նչ կը պատահի, եթէ ենթադրենք, որ սրանք էլ (իրանահայ նիւթապէս անկարողները) հայաստանցի մեր հայրենակիցներն են, որոնք ուզում են մէկ անգամւայ համար իրենց համայնքի հարստութիւնից իրենց եւս բաժին հասնի:
Չմօռացւի այն կարեւոր հանգամանքը, որ այս առաջարկը իրագործւելու դէպքում անպայման յարգւի սիրելի ու պատւական հրաւիրեալների մարդկային ու հասարակական արժանապատւութիւնն ու մարդկային արժէքները: Այս խոհեմ ու անձնուրաց համայնքը աւելի քան երբէք վերարժեւորելու եւ մեծարելու կարիքն ունի, այդ մի զլացէք նրանցից:
Ինչքան լաւ կը լինէր, եթէ մեր տեղական մամուլն էր արձագանգեր այս համեստ առաջարկին:

Մեր ոճը վիրաւորել չի

Ամենայն ներողամտութեամբ, մեր սիրելի այցելուներից պիտի խոնարհաբար խնդրել, որ իրենց պատգամների մէջ բոլորովին վիրաւորական կամ վարկաբեկիչ բառեր ու նախադասութիւններ չօգտւեն, մանաւանդ, ազգային իշխանութեան ու բարձրագոյն մարմինների հասցէին: Միթէ չէ, որ վերջին հաշւով ազգային իշխանութիւննե՞ր են: Մենք քանդելու եւ վարկաբեկելու նպատակ չունենք: Մենք պարզապէս կացութիւն փրկելու նպատակով ու մարդկանց արժանապատւութիւնը, վարկը եւ իրաւունքները վերակենդանացնելու համար ենք հրապարակ իջել: Մենք չենք ուզում նմանւել ցեխարձակող ու դեղին կոչւող թերթիկներին, որոնք հրապարակւում են քանդելու նպատակով, եւ ոչ թէ սրտցաւութիւնից ելնելով: Մեր ոճը ընդհանրապէս վիրաւորական ու վարկաբեկիչ չի, այլ համոզւած ենք, որ քաղաքակրթւած մի հասարակութեան մէջ, պարկեշտութեամբ ու խոհեմ մօտեցումներով ու հասկանալի լեզւով շատ հարցեր են կարող լուծւել: Այս նկատառումը կարեւորւում է մանաւանդ այս ժամանակահատւածում, երբ կանգնած ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ Ա Վեհափառ Հայրապետի այցելութեան սեմին: Լիայոյս ենք, մինչ այդ կը սրբագրւեն շատ սխալներ, կը փարատւեն շատ թիւրիմացութիւններ, ու արժանաւորները կը գտնեն իրենց իսկական դիրքն ու հանգամանքը, եւ կը մաքրագործւեն նրանք, որոնց մասին լաւատեղեակ են պատկան մարմինները:
Ուրեմն կրկնում ենք, որ արկածախնդիր ու տղայամիտ անարխիստներ չենք մենք, սակայն այդ բոլորով հանդերձ ինքը խմբագրութիւնը իր աշխատանքային ծրագրի մէջ ունի նաեւ իր այդ տեսակի տարբերակը, որից խուսափում ենք հնարաւորին չափով ու բնական պայմաններում:
Զգացւած ենք Ձեր բոլորի անկեղծ զգացումներից:

Սիրով՝

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմ

Վարդավառն առանց սրբութեան

Գէորգ Սարուխանեան


Այսօր, Վարդավառ էր: Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը: Ջերմօրէն շնորհաւորելով Հայոց Առաքելական եւ Ազգային Սուրբ Եկեղեցու հինգ Տաղաւարներից մէկի տօնը, ցաւով պիտի յայտնենք, որ այս տարի եւս, նշւեց միայն մատուցւող ս. պատարագով ու դարձեալ մօռացւեց ազգային աւանդութիւնը՝ ջրի սրսկումը, որ մեր եկեղեցու անբաժան մասնիկն է:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, այս տարի դժգոհների թիւը շատ աւելի էին նախորդ տարիներից: Անցեալ (մօտաւոր անցեալ) տարիներում, ջրի սրսկման արարողութիւնը, որ մաս է կազմում յիշեալ տօնի արարողութեանց ու չի կարելի անջատել եկեղեցական արարողութիւնից, կատարւում էր նոյն եկեղեցու մերձակայ դպրոցներից մէկուոմ, սակայն այս տարի, դպրոցի տեսչութիւնը եւս չթոյլատրեց կատարել այդ:
Բողոքողներից մէկը իրատեսօրէն մօտենալով հարցին, ասաց թէ՝ երբ ազգային իշխանութիւնը, որի պարտաւորութիւններից կարեւորագոյնը՝ կրօնական աւանդութեան պահպանումն է, արգիլում է ջրի սրսկման արարողութեան գեղեցիկ ու հինաւուրց աւանդութեան իրագործումը եկեղցու շրջափակում (ինչ կատարւել է դարեր շարունակ), ահա պետական տեսուչն ի՞նչ յանձնառութիւն ունի նման աւանդութեան իրագործման թոյլտւութեան կապակցութեանմբ՝ պետական դպրոցի շրջափակում…:
Թէ ինչո՞ւ եւ ի՞նչ դրդապատճառներով արգիլւեց վարդավառի ջրի սրսկման արարողութեան իրագործումը եկեղեցիներում, եւ կամ Տըրընդէզի աւանդական հրաւառութիւնը, դա քննարկելի հարց է եւ պիտի քննարկւել հէնց տարիներ առաջ, բայց հարցի ընդհանրապէս ջնջելը՝ չի թւում խոհեմ ու մտածւած քայլ լինի: Եթէ այդպէս է, համայնքում շատ երեւոյթներ կան, որոնք պիտի սկզբից ջնջել ու մըրացութեան յանձնել: (Թէեւ նման փորձեր էլ կատարւում են):
Ազգային իշխանութիւնը հարցն իսկականից ջնջելու փոխարէն, լուծումների մասին պիտի մտածէր ու միջոցներ կիրառել, չէ որ հէնց այդ առաքելութեամբ է, որ գոյութիւն ունի՞:
Ցաւալի է, բայց ո՞վ, ի՞նչ է կարող անել: Շնորհաւորում ենք Վարդավառի տօնը, եւ դարձեալ ցաւում ենք, որ այդ կրօնական-աւանդական տօնից դարձեալ բացակայեց սրբութեան, անկեղծութեան ու մաքրութեան խորհրդանիշ՝ կենսատու ջուրը:
Այս բարեբաստիկ տօնը շնորհաւորում ենք մանաւանդ բոլոր Վարդուհիներին, Վարդանոյշներին, Նւարդներին, Զարվարդներին, Վարդերին, Վարդիթերներին, Վարվառէներին, Սիրվարդներին, Լուսվարդներին, Ալվարդներին, Վարդեանիերին, Վարդինէներին, Ռոզաներին, Պայծառներին, Շատրիկներին, Վարդգէսներին, Վարդազարներին, եւորոնց անւանակոչութեան տօնն է այսօր:

Ի՞նչ եղաւ մեր համայնքի, մօտ մէկ միլիարդ թուման գումարի ճակատագիրը

Արդեօ՞ք ձեր կեանքում անգամ տեսել էք մէկ միլիարդ թուման (մէկ միլիոն դոլար) դրամագլուխ: Մեծամասնութեան պատասխանը կարելի է գուշակել: Բայց պիտի ասել, որ նաեւ հենց մեր համայնքում կան անհատներ ու մարմիններ, որը հենց ժողովրդի անունից օգտագործելով տարին մէկ տեսնում են նմանօրինակ գումարների փայլը: Թիւրիմացութիւն չլինի, խօսքը անհատական դրամագլուխի մասին չէ այլ վերաբերում է համայնքին……….

«Փնտռէք եւ պիտի գտնէք, բախեցէք եւ պիտի բացւի ձեզի: Որովհետեւ խնդրողը պիտի ստանայ, փնտռողը պիտի գտնէ եւ բախողի առջեւ դուռը պիտի բացւի»: ( Մատթէոսի աւետարան գլուխ 7 , համար 7 եւ 8 )

Սպասէք այս յօդւածին:

Եւ մնացէք մեր հետ…

Այն մասին, թէ՝ մենք ո՞վ ենք

Գէորգ Սարուխանեան

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմի անդամ

Կայքէջին ուղղած գրութիւնների մէջ, մեր սիրելի ընթերցողները, ողջունելով մեր գոյութեան իրողութիւնը, առաջին հերթին, ցանկութիւն են յայտնել իմանալ թէ՝ մենք ովքեր ենք: Դա բնական ու տեղին պահանջ է, որը գալիս է մարդ արարածի բնազդային հետաքրքրասիրութիւնից: Անկախ դրանից, ընթերցողի իրաւունքն է իմանալ այն մասին, թէ՝ ո՞վ է նստած իր խօսակցութեան սեղանի միւս կողմը, թէեւ մեր կարծիքով բոլորս էլ այս բազմակողմանի խօսակցութեան սեղանի մէկ կողմում ենք նստած ու բոլորս էլ գրեթէ միասնական ցաւից ենք նեղւած:

Այդ բոլորով հանդերձ, որոշ պատճառներով, որի մասին կը բացատրենք հէնց այս քանի տողերում, դժբախտաբար չենք կարող շատ թափանցիկ տեղեկութիւններ տալ:

Առաջին հերթին, մենք Իրանի Իսլամական Հանրապետութեան օրինապահ քաղաքացիներ ենք, որ մեր համոզումով՝ որպէս իրանահայեր ու լիիրաւ քաղաքացիներս մեր պարտաւորութիւնների հետ միասին նաեւ ունենք մեր իրաւունքները:
Երկրորդ հեթին իրանահայ համայնքի անդամներ ենք. Հայոց Առաքելական, Ժողովրդավար ու Ազգային Եկեղեցու զաւակներ, որի «Հաւատամք»ը մեր կրօնական համոզումն ու սկզբունքն է: Իսկ եթէ հարցումները մեր քաղաքական-գաղափարական ուղղւածութեան մասին է, պէտք է ասենք, որ մեզ հետաքրքրում է համայնքի ազգային, հասարակական, մշակութային, կրօնական, կրթական, մարզական… եւ նման հարցերը եւ փորձում ենք վեր հանել այդ ոլորտներում գոյութիւն ունեցած թերութիւնները՝ սխալները սրբագրելու նպատակով: Քաղաքական ուղղւածութեան ու արեւելումի մասին կը ստենք եթէ ասենք այդ իմաստով ոչ մի հոսանքի չենք համակրում, քանզի համոզւած ենք այդպիսի մարդիկ ընդհանրապէս ոչինչով էլ հետաքրքրւած չէն, եւ ըստ այնմ չեն էլ կարող որեւէ հարցի նկատմամբ սրտցաւութիւն ցուցաբերել: Այս մասին այսքանը բաւական է շեշտենք, որ եթէ ինչ որ մի օր, ստիպւած պիտի լինենք գործնական դաշտում կողմնորոշում ցուցաբերել, բնական է, որ պիտի կանգնենք աւանդական այն կազմակերպութեան կողքին, որ մանաւանդ մեր վերջին հարիւրամեայ պատմութեան ընթացքում, իր խիզախ ու վճռական քայլերով, իրանահայութեան մշակութային, կրթական, ազգային, հասարակական, եւ… բարգաւաճումն ու կայունութիւնը երաշխաւորելու հետ միասին, յանձնառու կեցւածքով ու որդեգրած քաղաքականութեամբ ապահովել է նաեւ մեր իրաւունքների գործադրումն ու Ֆիզիկական անվտանգութիւնը: Այս մասին հէնց այսքանը:
Իսկ թէ ինչո՞ւ ենք խուսափում մեզ ներկայացնել այնպէս, որ կանք, դա ուղղակիօրէն վերագրում ենք այն մարմիններին, որոնք քննադաթութիւնները բոլորովին չնդունելով, ծանր պատիժների վճիռ են արձակում սրտցաւ քննադատողների համար: Դրանք եթէ լինէին մահապատիժ կամ երկարատեւ բանտարկութիւն շատ աւելի ցանկալի էր, քան այն պատիժները, որոնք գործադրւում են այսօր: Այդ մարմինները, քննադատողներին պատժում են անհիմն որակումներով, հեղինակազերծումներով, ծաղրելով, ազգային մարմիններից ապօրինի կերպով վտարելով, լուսանցքների խորքերում թափառեցնելով ու վէրջապէս մեռած էակների վերածելով: Այս ցաւալի եւ հիւանդագին գործընթացը թափ է ստացել մանաւանդ վերջին 8-9 տարիների ընթացքում, երբ ստալինական բռնատիրութեան համակարգի գործելաոճը դարձաւ տիրական:
Փաստը՝ մեր համայնքի օրէցօր որակազրկումն ու բազմակողմանի անկումը, որը թափ ստացաւ նման պատւական մարդկանց հրապարակից քշւելով: Նայենք մեր շուրջը. տասնեակ կրթական, մշակութային ու ազգային գործիչներ, որոնք դեռ տարիներ ներդրելու կարողութիւն ունեն տակաւին, սակայն որոշ պարոններին ու օրիորդներին դուրեկան չեղած քննադատութիւների հետեւանքով, այսօր ամբողջովին լքւելով, անեկամուտ ու անապաւէն իրենց տների անկիւններում տխուր պահեր են անց կացնում, լաւագոյն դէպքում փարքերում են թափառում եւ ամենացաւալին՝ դրանցից ոմանք մութ ու խոնաւ արհեստանոցներում խաղալիքներ, տիկնիկներ են մոնտաժում… Սա ողբերգութիւն է, որ մեր ազգային իշխանութեան որոշ կամակոր անձանց կիրառած քաղաքականութեան արդիւնքն է: Եւ մենք չենք ուզում այդպիսի դառն ճակատագրի մատնւենք:

Ուրեմն իրաւունք տւէք, որ մենք հէնց այսպէս անծանօթ համայնքի ընդհանուր շահերը պաշտպանելու պատնէշի վրայ կանգնած մնանք: Այս բոլորով հնդերձ՝ տակաւին Ձեր անժխտելի իրաւունքն է իմանալ թէ մենք ո՞վ ենք: Կարծում ենք բաւարարւեցիք: Այս մասին պատրաստ ենք լսել ու արձագանգել նաեւ Ձեր պատւական տեսակէտները:

Մնացէք մեր հետ:

Դեռ շարունակում են անյարգել քրիստոնեաներին

«Մեր Համայնք» , Թեհրան – Այսօր կիսապետական Ֆարս լրատւական գործակալութիւնը հրապարակել է «